Fastex-ը դառնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Fastex-ը սկսել է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և այսուհետ հանդիսանալու է Հայաստանի Պրեմիեր լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր: Այսպիսով՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կկրեն «Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա» և «Fastex Հայաստանի գավաթ» անվանումները:
Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը , Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։ «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Vbet ընկերությանը՝ վերջին 3 տարիների ընթացքում հայկական ակումբային ֆուտբոլի կողքին լինելու համար․ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերական հարաբերությունները։ Համոզված եմ, որ Fastex-ի հետ համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։ Լինելով ապագայի իրականությանը միտված կազմակերպություն՝ Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում զարգացման լրացուցիչ ազդակ կհանդիսանա», - ընդգծել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Ոգևորված հայկական ակումբային ֆուտբոլում վերջին տարիներին գրանցված առաջընթացով և հետաքրքրության աճով՝ մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ ենք ընդունել ՀՖՖ-ի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը: Վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն վերելքին և նոր հնարավորություններ կբացեն հայկական ակումբների համար »,- նշել է Fastex ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը: