Հիմք ընդունելով կրթական և գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունը՝ Fastex-ը և Երևանի պետական համալսարանը կնքել են համագործակցության հուշագիր:
Համագործակցության շրջանակում Ֆասթեքսի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրատուրայում դասավանդվող ծրագիր: Ուսանողները հնարավորություն են ունենալու Ֆասթեքսում պարբերաբար անցնելու մասնագիտական պրակտիկա, ինչպես նաև մագիստրոսական ծրագրում լավագույն առաջադիմություն ցուցաբերած և Ֆասթեքսի կողմից ընտրված ուսանողներին հատկացվելու է մինչև 100 % անվանական կրթաթոշակ՝ ուսման վարձի համապատասխան չափի փոխհատուցմամբ: Համալսարանը հոգալու է անհրաժեշտ տեխնիկայի, լսարանների և լաբորատորիաների մասին:
Նպատակը Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացման խթանումն է։ Ֆասթեքսը պատրաստակամ է ներդնելու անհրաժեշտ ջանքեր երիտասարդության շրջանում մասնագիտական բարձր որակի կրթություն ապահովելու աջակցման գործում։
Սույն հուշագիրը ևս մեկ հիմնաքար է երկրի կրթության և գիտության ոլորտների շարունակական զարգացման և ամրապնդման գործում, որին մշտապես նպաստում է Ֆասթեքսը՝ առավել նոր ու կարևոր մտահղացումներով: